Ադրբեջանը պահանջել է պատժել Կարեն Խաչանովին՝ Արցախին աջակցելու համար

Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան (ATF) բողոք է հղել Թենիսի միջազգային ֆեդերացիային (ITF)՝ պահանջելով պատժել հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովին և սադրանք է որակել Australian Open մրցաշարում թենիսիստի հայտարարությունը՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության։
Նշենք, որ արմատներով Հայ Կարեն Խաչանովը մրցաշարի ընթացքում իր աջակցությունն է հայտնել Արցախին։ Australian Open-ի 1/8 եզրափակչում հաղթանակից հետո նա գրություն էր թողել տեսախցիկին․ «Շարունակեք հավատալ մինչև վերջ։ Ուժեղ մնա՛, Արցախ» , իսկ մինչ այդ՝ երրորդ շրջանի խաղում հաղթելուց հետո, գրել էր. «Ուժեղ մնա՛, Արցախ»։
Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան դատապարտել է տեղի ունեցածը և արմատներով Հայ թենիսիստի գործողությունները համարել «անընդունելի սա-դրանք՝ ուղղված Ադրբեջանի դեմ»։ Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան պաշտոնական բողոք է ուղարկել Թենիսի միջազգային ֆեդերացիային։
«Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան դատապարտում է այս միջադեպը և նման իրավիճակի կրկնությունից խուսափելու համար խնդրում է պատժել թենիսիստին (Խաչանովին) և ավելի խիստ միջոցներ ձեռնարկել՝ հետագայում նման միջադեպերը կանխելու համար»,- ասվում է հայտարարությունում։