booked.net
17.06.2021
09:15

Մետրոպոլիտենի արվեստի թանգարանում Հայկական խաչքարը եղել է նորաձևության դիզայներների ներշնչանքը

«Երկնային մարմինները ՝ նորաձևությունն ու քրիստոնեական պատկերացումը» ցուցահանդես է եղել Մետրոպոլիտենի արվեստի թանգարանում 2018-ին: Հայկական այս խաչքարը եղել է նորաձևության դիզայներների ներշնչանքը։ Դե ինչ, մնում է մենք էլ ներշնչվենք։ Սուքիաս Թորոսյան

Պատմական ակնարկ

Խաչքարերը հայ միջնադարյան մշակույթի ինքնատիպության խորհրդանիշն են։ Ուղղաձիգ դիրքով առանձին կանգնեցված քարե հուշակոթողներից հնագույնները մենհիրներն են, որոնք բավականին մեծ քանակությամբ հանդիպում են Հայաստանում։ Նրանք ունեցել են պաշտամունքային նշանակություն։ Նույն կարգի հուշարձաններ են նաև «վի-շшպ» կոչվող կերտվածքները։ Սրանք իրենց վրա կրում են մշակման հետքեր՝ գաղափարագրերի և քանդակների ձևով, ունեն հսկա ձկան տեսք և կապվում են հայերի նախահայրերի մոտ տարածված ջրի աստվածուհու՝ Աստղիկ Դերկետոյի պաշտամունքի հետ։

Եթե վերոհիշյալները դեռևս ուղղակիորեն չեն առնչվում խաչքարերի հետ, ապա ուրարտական կոթողները (մ.թ.ա. 8-7 դդ.), որոնք բաղկացած են պատվանդանից ու նրա վրա կանգնեցված ուղղաձիգ քառակող սյունից կամ սալից՝ սեպագիր արձանագրությամբ, կարող են դիտվել որպես խաչքարերի ծավալա-տարածական հորինվածքի նախօրինակներ։ Այսպիսի կոթողները շարունակել են կիրառություն ունենալ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում։ Նրանք տեղադրվել են ճանապարհներին, քաղաքներում՝ ամենատարբեր առիթներով։ Դրանց մի մասը հասել է 4-5 դդ.։

Արագած լեռան փեշերին գտնվել են քառակող սյունաձև կոթողներ, որոնք իրենց վրա կրում էին խաչի նշան։ Սրանք բաղկացած էին երկու մասից՝ պատվանդանից և ուղղաձիգ մարմնից։

Վաղ քրիստոնեական շրջանի առավել զարգացած օրինակները բաղկացած են երեք մասից։ Այս դեպքում արդեն աստիճանաձև հիմք, պատվանդան և ուղղաձիգ մարմին։

Քարե խաչքարի համար նախօրինակ են ծառայել փայտյա խաչերը, որոնք կանգնեցվում էին հատկապես քանդված հեթանոսական մեհյանների տեղում։ Ըստ ավանդության, Հայաստանում փայտյա խաչեր են կանգնեցված եղել Սևանա կղզում, Սանահինում, ինչպես նաև հարևան Վրաստանում՝ Մցխեթի մոտ, Մծիրե լեռան վրա, որտեղ յոթերորդ դարում կառուցվել է Ջվարի (որ վրացերեն նշանակում է խաչ) եկեղեցին։ Փայտակերտ խաչը քարե խաչով փոխարինելու վաղագույն փորձերը վերաբերվում են 4-7 դդ.։ Դրանք ներկայացված են Դվինի պեղումների ժամանակ գտնվածներով։ Սերվելով փայտակերտ խաչերից՝ «թևավոր խաչերը» միևնույն ժամանակ հիմք են ծառայել հայկական մի նոր և ինքնատիպ արվեստի կազմավորման համար։ Այսպիսի թևավոր խաչեր գտնվել են Դվինի պեղումների ժամանակ։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում