booked.net
17.06.2021
09:54

Լևոն Տեր-Պետրոսյանը մանրամասներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրված ասուլիսում մանրամասներ ներկայացրեց 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից:

«Ինձ միշտ մտահոգել է Արցախի հարցը՝ անկախ նրանից Ռոբերտ Քոչարյանի օրոք է, Սերժ Սարգսյանի, թե Նիկոլ Փաշինյանի: Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել եմ հետևյալը՝ քո առաջին գործը պետք է լինի փաստաթղթով ֆիքսել այն ժառանգությունը Ղարաբաղի հարցում, որ դու ստացել ես Սերժ Սարգսյանից: Առաջարկել եմ ԱԳ նախարարին նամակ գրել, որպեսզի վերջինս ներկայացնի Ղարաբաղի կարգավիճակի հարցը 2018 թվականի ապրիլի 18-ի դրությամբ: Ասել եմ՝ դրանից հետո ավելի լավ լուծում կբերես, կլինի քո պատիվը, ավելի վատ լուծում կբերես, կլինի քո խшյտшռшկnւթյnւնը: Այլ խոսակցություն չի եղել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:

ՀՀ առաջին նախագահն անդրադարձավ նաև այն դիտարկմանը, թե 1990-ականների հաղթանակն ինքը չկարողացավ ամրագրել: Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ ինքն այդ հաղթանակներն ամրագրված փոխանցել է հաջորդ իշխանություններին:

«Ես անդրադարձել եմ այս հարցին, բայց կրկին ասեմ: Այն ժամանակ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը տրամադրված էին այնպես, որ ոչ մի դեպքում ինձ չպետք է թույլ տան այդ ծրագիրն իրականացնել (ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված): Ես չեմ չափազանցնում, եթե ես դա անեի, ապա սկսվելու էր քաղաքացիական պատ-երազմ: Դրանից խուսափելու համար հրաժարական տվեցի»,-ասաց Լևոն Տեր Պետրոսյանը:

Հարցին, թե այն ժամանակ Ադրբեջանը պատրա՞ստ էր ստորագրել, եթե չլիներ ներքին խնդիրը, Լևոն Տեր Պետրոսյանը նշեց, որ այն ժամանակ Ադրբեջանը շատ ավելի պատրաստ էր, քան այս ամբողջ 23 տարիների ընթացքում:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում