booked.net
29.11.2021
03:41

Հողերի հանձնման գործընթացը սկսվել է

19.45 Մոդուս Վիվենդի կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Արա Պապյանը հայտարարեց, որ  հողերի հանձման գործընթացը սկսել է.

«Այսօր հողերի հանձման գործընթաց է գնում, ով ուզում է ասի՝ չկա, դա սուտ է: Հազար տեղից աղբյուրներ կան, որ գործընթացը սկսվել է, անգամ հանձնարարական կա իշխանություններից՝ ժողովրդին հոգեբանորեն պատրաստել տարածքներ հանձնելուն: Շատ ավելին գիտենք, պարզապես, չենք կարող աղբյուրները բացահայտել, բայց գործընթացը սկսվել է, մենք հո պատահական չե՞նք հավաքվել էստեղ, մեզ ասում են՝ պանիկա եք գցում, կներեք, պանիկա չենք գցում, մի բան էլ ուշացած է այս գործընթացը»,- ասաց նա՝ չբացառելով, որ սեպտեմբերին արդեն մանդատի հարց լինի խաղաղապահ ուժեր ներգրավել Ղարաբաղում:

Պապյանը նկատեց, որ, անշուշտ, իրենց հչռակագիրը հնարավոր է՝ իրավական պարտադիր փաստաթուղթ չդառնա, բայց որպես ՀՀ քաղաքացիներ չեն կարող որեւէ քայլ չձեռնարկել.

«Հետեւաբար, մեր խնդիրն է բոլոր հնարավոր ձեւերով պայքարել հողերի հանձման դեմ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Ղարաբաղի հարցը միակն է, որի շուրջ հայության մոտ կա կոնսենսուս:

Քննարկման ավարտին Վահան Բադասյանը ներկաներին հրավիրեց ղարաբաղյան ժենգյալով հացի սեղանի շուրջ:

19.20 Լրագրող Սամվել Մարտիրոսյանն անդրադարձավ Սարգսյան-Պուտին Մոսկվայում կայացած հանդիպմանը՝ նկատելով, որ Վլադիմիր Պուտինն իր խոսքում հստակ ուղերձ հղեց.

«Մենք առեւտուր ենք անում Ադրբեջանի հետ, ու պիտի շարունակենք, իսկ դո՛ւ Սերժ ջան, պատրաստիր էն տարածքները, որ պիտի հանձնես, իսկ մենք առեւտուրը շարունակենք, մինչեւ դու տարածքները հանձնես»,- ասաց նա՝ նկատելով, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի հնարավոր լինի ՌԴ-ին հանել Մինսկի խմբից համանախագահությունից:

Երաժիշտ Արտավազդ Բայաթյանը նկատեց, որ ամենամեծ սխալն այն էր, որ ժողովուրդը համաձայնեց ունենալ երկու հայկական պետություն, քանի որ պետք է լիներ մեկ Հայաստան.

«Երկրորդ՝ ամենամեծ տնաքանդությունը սկսվեց նրանից, որ մեր բոլոր բանակցությունները գնում էին գաղտնիության շրջանում, եւ հետո իմանում էինք, որ խորիմաստ որոշումներ են ընդունվել: Մենք ունենք ապաշնորհ դիվանագետներ, քանի որ 25 տարվա մեջ կարելի էր գոնե մի քայլ շահել, բայց անգամ դա չունեցանք»,- ասաց Բայաթյանը՝ ընդգծելով, որ իր կարծիքով այս տարածաշրջանում Հայաստանի միակ ռեալ դաշնակիցն Իրանն է:

«Եթե մեր տունը վտանգի մեջ է, ուրեմն բոլորս զինվոր պետք է դառնանք, ես՝ անձամբ, պատրաստ եմ»,- ընդգծեց նա:

18.48 ԼՂՀ պատվիրակության ներկայացուցիչներից Վաչագան Զաքարյանը նկատեց, որ խոսում են այն մասին, թե տարածքների հանձնելու դիմաց ԼՂՀ-ն միջազգային կարգավիճակ կստանա: Նա  հետաքրքրվեց, թե արդյո՞ք, դա երաշխիք կլինի, որպեսզի Ադրբեջանն ագրեսիա չի կիրառի Ղարաբաղի նկատմամբ: Բանախոսի խոսքով՝ որեւէ դեպքում պետք չէ քննարկել որեւէ տարածք զիջելու հարցը:

Քննարկման մասնակից, մասնագիտությամբ բժիշկ Շմավոն Վեզիրյանը նկատեց, որ այս օրերին սկսվել է շրջանառության մեջ դրվել այն տեսակետը, որն առաջ էր քաշվել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից.

«Այն ժամանակ ռազմաքաղաքական էլիտան՝ հանձինս Վազգեն Սարգսյանի, նրան իշխանությունից գցեց, երեւի շատերի չգիտեն՝ ուղիղ եթերի ժամանակ Վազգենը ոտքով խփել է Տեր-Պետրոսյանին, ասել է խոսա՛»,- ասաց նա՝ նկատելով, որ վերջին օրերի իրադարձությունները փաստեցին, որ ժողովուրդը խփեց իշխանությունների ոտքին:

Գրող, երգահան  Արսեն Համբարյանը, ով նաեւ երգ է հեղինակել Ղարաբաղի մասին, ընդգծեց, որ ոչ միայն չպետք է խոսել տարածքներ զիջելու մասին, այլեւ նպատակները պետք է լինեն նվաճողական.

«Պետք է այսօր արդեն խնդիր դնենք նվաճելու, այլ՝ ոչ թե պաշտպանվելու»,- ասաց նա:

ԼՂՀ ԱԺ առաջին եւ երկրորդ գումարումների պատգամավոր Ներսես Օհանջանյանի խոսքով պետք է քայլեր ձեռնարկել, որ խմբի «հոգու ճիչը» հնարավոր լինի ճիշտ հունի մեջ դնել:

Արցախյան պատերազմի վետերանը նկատեց, որ պատերազմում կարողացել են հաղթանակ տանել ճիշտ մարտավարության շնորհիվ, սակայն, դժբախտաբար, այսօր այն չի օգտագործվում:

Օհանջանյանը հիշեցրեց, որ Հիմնադիր խորհրդարանն արդեն մի քանի տարի է խոսում էր այն մասին, որ պետք է իշխանություններին այլընտրանք ստեղծել, ինչպես՝ նոր խորհրդարան, ինչն էլ արել էր Հիմնադիր խորհրդարանը՝ պատգամավորներ ընտրելով:

Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի սպա Արմեն Մուսինյանը  նկատեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ իշխանությունների կողմից  տեսակետ էր տարածվում, որ տարածք է հանձնվելու ինչ-որ կարգավիճակի դիմաց.

«Նման բան չենք լսել ու չէինք էլ կարող լսել, եթե ինչ-որ մեկի, մասնավորապես, վերեւներից  մեկի հիվանդագին միտքն է եղել, դա չի նշանակում, որ զինվորների մոտ նման միտք կար: Մի քանի տարի առաջ հիշում եք չէ՞, որ ինչ-որ մեկն ասեց, որ Աղդամն իր հայրենիքը չէ»,- ասաց նա:

17.51 «Անի պլազա» հյուրանոցում մեկնարկել է հուլիսի 16-ին Շուշիում մի խումբ հայաստանցիների կողմից ստորագրված Շուշիի հռչակագրի քննարկումը:

Հռչակագրի հեղինակներից է Մոդուս Վիվենդի կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը, ով ողջունեց ներկաներին՝ առաջարկելով յուրաքանչյուրը ներկայացնի իր մտահոգությունները:

Հռչակագրի հեղինակներից քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն անդրադարձավ վերջին մի քանի օրերին տեղի ունեցած հանդիպումներին.

«Չափազանց տարօրինակ է, որ ապրիլյան պատերազմից հետո մենք գնացինք բանակցությունների, եթե նման պայմաններում երկիրը գնում է բանակցությունների, նշանակում է  երկիրը պարտվողական գիծ է ընդունել, այլ տարբերակ չկա: Գիտենք նաեւ, որ Սարգսյանը համաձայնություն է տվել Կազանյան փաստաթղթին, նաեւ 2010 թվականին արաբական թերթին տված հարցազրույցում խոսել է այն մասին, որ տարածքները հայերի կողմից չեն  բնակեցվում, քանի որ պետք է վերադարձվեն Ադրբեջանին՝ ինչ-որ բանի դիմաց»,- ասաց Մարտիրոսյանը՝ նկատելով, որ քարոզչություն է ընթանում իշխանության կողմից, իբր որեւէ տարածք վերադարձնելու խնդիր չկա օրակարգում.

«Որեւէ մեկն, իհարկե, այդքան հիմար չէ, որ նման հարց դնի քննարկման, պարզ  է, որ տարածքներ հանձնելը պատրեազմի արդյունքում է լինելու, որի նախադեպն ունենք, հանձնել ենք արդեն 800 հեկտար, հետո էլ արդարացրել ենք դա»,- ասաց նա:

Քննարկմանը հրավիրված ազգագրագետ Հրանուշ Խառատյանն անդրադարձավ այն խնդրին, որ արդեն մի քանի օր է թուրքական մամուլը շրջանառության մեջ  դրել Թուրքիայի ԱԳՆ-ի խոսքերը, ըստ որի,  Ղարաբաղի բանակցությունների ձեւաչափը կարող է լինել Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան շրջանակում.

«Թուրքիան իր առաջարկություններով շատ մերձավոր է ռուսական առաջարկություններին, որը ներկայացրել է Հայաստանին: Կա մեր մեջ մեկը, ով գիտի այն մասին, թե՞ Չավուշօղլուն ինչ է ներկայացրել Հայաստանին: Հայաստանի ԱԳՆ-ից, կարծես թե, արձագանք չկա սրա վերաբերյալ: Ռուսական առաջարկություններից վերջինը Կազանյանն է»,- ասաց Խառատյանը՝ ընդգծելով, որ իշխանություների նկատմամբ գրեթե վստահություն չկա:

ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր նախկին պատգամավոր Վահան Բադասյանը նկատեց, որ այս օրերին նման քննարկումը հրատապ է.

«Արցախում միակ տեսակետն է՝ չզիջել, դուք գիտեք, որ վերջերս իշխանությունների կողմից կազմակերպվել է սոցհարցում, եւ այն շերտի հետ են այդ հարցումն արել, որ ասեն ուզում են զիջում, հասկանում եք՝ որ մասսայի մասին է խոսքը, բայց ի ուրախություն մեզ 95 տոկոսից ավելին դեմ է արտահայտվել: Գիտեք նաեւ, որ Սերժ Սարգսյանը Ղարաբաղ իր վերջին այցերի ժամանակ փորձում էր թե՛ զինվորականներին, թե՛ քաղաքական գործիչներին փաթաթել մի կարծիք, որ ուրիշ ելք չկա՝ պետք է զիջել, եւ բոլորը դեմ արտահայտվեցին՝ բացառությամբ մի քանիսի: Այս հարցը մենք պետք  է լուծենք թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումով: Առաջին հարցը տեսնում եմ, որ պետք է լինի Հայաստանի ու Արցախի միացում»,- ասաց Բադասյանը՝ նկատելով, որ 88 թվականին հենց դրա է համար է ոտքի կանգնել հայ ժողովուրդը:

Բադասյանը նկատեց, որ ոչ թե պատերազմով պետք է լուծում տալ հարցին, այլ՝ հզորացնել բանակը, որը պատրաստ կլինի պատերազմին:

1 2

armtimes.com

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում