Երևան 22 °C
10.06.2023
18:16

Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է ԼՂ-ն. Փաշինյան

Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում նաև Լեռնային Ղարաբաղը, սակայն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում:

«86.6 հազար քառ. կմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: Բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության և իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտում ձևաչափում»,-ասել է Փաշինյանը:
Անդրադառնալով գործող կառավարության դիրքորոշմանը՝ վարչապետն ասել է՝ ՀՀ-ի այսօրվա կառավարությունն ինչ ասի-չասի, ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

«Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել: Եվ մեր ընկալմամբ՝ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության 29.800 քառ. կմ տարածքային ամբողջականությունը: Եթե մենք այս հարցում Ադրբեջանի հետ ճիշտ ենք հասկանում իրար, Հայաստանն, այո, ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքային ամբողջականությունը՝ այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.800 քառ. կմ տարածքը»,-ասել է Փաշինյանը:
ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ֆորմատում: Վարչապետը շեշտել է՝ հայկական կողմը կարևոր է համարում այդ բանակցությունների միջազգային երաշխիքների ստեղծումը:

«Նկատի ունենք, օրինակ, որ կարող է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցն ուղղակի մոռացության մատնվել, և Ադրբեջանը շարունակի ուժային լծակի գործադրմամբ Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությունը»,-ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ կարևորում են երաշխիքները, որ այդ քաղաքականությունը չի շարունակվելու:

Մայիսի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությունում նշվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի Ղեկավարները վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թվականի Ամլաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 քառակուսի կիլոմետր) և Ադրբեջանի (86,600 քառակուսի կիլոմետր) համապատասխան տարածքային ամբողջականությանը:

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում