booked.net
29.11.2021
03:47

Այսօր Աստվածածնի վերափոխման տոնն է

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (հայտնի է նաև որպես Խաղողօրհնեքի տոն) Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է։ Նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը)։ Տոնն ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի ավարտին բոլոր եկեղեցիներում Պատարագ է մատուցվում։ Հայ Առաքելական եկեղեցում տոնն առանձնահատուկ է նրանով, որ օգոստոսի այս շրջանում Հայաստանի հեթանոսական ժամանակից եկող՝ հասունացող խաղողի օրհնության ծեսով է պայմանավորված։ Այսինքն՝ տոնի օրը, Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։ Ըստ Հայ Առաքելական եկեղեցու Աստվածածնի վերափոխման տոնին տոնելի են՝ Մարիամ, Մարո, Մարի, Մարիանույշ, Տիրուհի, Իսկուհի, Սրբուհի, Մաքրուհի, Թագուհի, Լուսիկ, Լուսածին, Լուսաբեր, Լուսամայր, Արփենիկ, Երանյակ, Երանուհի, Արեգ, Արևիկ, Լուսնթագ, Աղավնի, Մարգարիտ, Նազիկ, Նազելի, Տենչելի, Դշխո, Բերկրուհի, Պերճուհի, Անթառամ, Արուսյակ, Կուսինե, Վերգինե, Վերժին, Արշալույս, Գեղանույշ, Գեղանիկ և Երջանիկ անունները։

Ինչպես տեղեկացնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից, Սուրբ Պատարագից հետո մի շարք եկեղեցիներում ազգային ու ժողովրդական խմբերի մասնակցությամբ տեղի կունենան միջոցառումներ և կմատուցվի սիրո ճաշ։

Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից՝ ժամը 13:00-ին, հավատացյալները խաչերթով կքայլեն դեպի Գրիգոր Նարեկացու արձանը, որտեղ տեղի կունենա խաղողի օրհնության կարգ և օրհնված բերքը կբաժանվի մասնակիցներին: Խաչերթի ընթացքում մասնակիցները կշրջեն բնակելի շենքերի բակերում և աղոթագրքեր կբաժանեն ժողովրդին:

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում՝ ժամը 17:30-ին, Կենտրոն վարչական շրջանի աջակցությամբ տեղի կունենա տոնական համերգային ծրագիր։

Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում կկազմակերպվի համերգային ծրագիր Դավթաշենի «Նոր Դար» պարային համույթի մասնակցությամբ:

Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում Ավան վարչական շրջանի աջակցությամբ տեղի կունենա տոնական միջոցառում՝ երգի-պարի խմբերի մասնակցությամբ, որից հետո կկազմակերպվի հյուրասիրություն:

Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում տեղի կունենա միաժամանակ երկու միջոցառում: Տոնի կապակցությամբ Սուրբ Պատարագից հետո կկատարվի խաղողի օրհնության կարգ, որին կհաջորդի բակային-հոգևոր ճամբարի ամփոփումը: Միջոցառման ընթացքում ճամբարի մասնակիցներին կտրվեն պատվոգրեր, իսկ այն երեխաներն ովքեր մկրտված չեն՝ կմկրտվեն:

Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ժամը 18.00-ին կկազմակերպվի տոնական միջոցառում՝ համայնքի երեխաների մասնակցությամբ:

Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում թաղապետարանի կրթական բաժնի աջակցությամբ կկազմակերպվի տոնական միջոցառում: Սուրբ պատարագից հետո եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը կկատարի խաղողի օրհնության կարգ, որից հետո մասնակիցների հետ հոգևոր զրույց կունենա: Այնուհետև թվով 7 մանկապարտեզներից 5-ական երեխաներ հանդես կգան մայրերին նվիրված ասմունքով և երգերով, որից հետո կմասնակցեն կավճանկարի մրցույթի:

slaq.am

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում