Երևան 8 °C
01.12.2022
16:51

Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը մեկնել է Բաքու՝ քննարկելու հայ-ադրբեջանական հարաբերությունները․ Զախարովա

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն այս օրերին Բաքվում է: Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 14-ին Խովաևը գտնվել է Երևանում, որտեղ խորհրդակցությունների շարք է անցկացրել Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ:«Այժմ նա Բաքվում է ադրբեջանական կողմի հետ հանդիպելու համար։ Այդ շփումների ընթացքում քննարկվում է նաև խաղաղության պայմանագրի հարցը», – ասել է Զախարովան։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանում ու Բաքվում հնչող հայտարարություններին, նա նշել է, որ խաղաղության պայմանագրի թեման, ինչպես նաև հայ-ադրբեջանական կարգավորման մյուս հարցերը շատ բարդ, զգայուն բնույթ ունեն:
«Նպատակահարմար չենք համարում մինչև կոնկրետ պայմանավորվածությունների հասնելը մեկնաբանել կողմերի դիրքորոշումները», – եզրափակել է նա:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում առաջարկել էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի փոխարեն շրջանակային համաձայնագիր ստորագրել։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը ենթադրում է սահմանի սահմանազատման ու սահմանագծման ավարտ, իսկ դրա համար կարող են տարիներ պահանջվել։

Դրա համար էլ Երևանը կողմ է, որ սկզբի համար հայ-ադրբեջանական սահմանի ապառազմականացում, զորքերի հայելային հետքաշում իրականացվի, իսկ սահմանի որոշման համար հիմք ընդունվեն 1990 թվականի քարտեզները։

Այնուհետև, նրա խոսքով, պետք է տեղակայել սահմանապահներին ու դրանով մի որոշ ժամանակ փակել այդ հարցը։ Դրանից հետո պետք է ստորագրել շրջանակային փաստաթուղթը և սկսել սահմանազատումը:

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում