17.11.2017
10:28
Երևան

Գուգուշի բացառիկ հարցազրույցը Երևանում.

Օգոստոսի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ մենահամերգ տալու նպատակով Հայաստանում գտնվող հանրահայտ իրանցի երգչուհի Գուգուշի և ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի հանդիպումը։ Հանդիպման ձևաչափը մի փոքր տարբերվում էր իր տեսակով։ Հանդիպումը վերածվեց երկխոսության, որի մի մասը ներկայացնում ենք ստորև․

Զ.Զ – Ձեր կատարմամբ «Երկար գիշեր» գեղարվեստական ֆիլմը կարծում եմ Հայաստանում բոլորն են դիտել, այն էլ մի քանի անգամ։ Վստահ եմ` հայ հանդիսատեսը , որը պատրաստվում է վաղը ներկա գտնվել Ձեր համերգին, վաղուց էր սպասում Ձեր կենդանի կատարումներն ունկնդրելու առիթին։ Բարի գալուստ Հայաստան:

Գ. – Շնորհակալ եմ։ Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ` հայերի կողքին։ Երկար տարիներ երազում էի Հայաստանում մենահամերգ ունենալու մասին, և վերջապես, դա կիրականացնենք:

Զ.Զ – Ինչպե՞ս Հայաստանում համերգ ուենենալու որոշումը կայացրեցիք: Գիտեմ, որ հանդիսատեսի մի մասը տոմսերը գնել է` գտնվելով Միացյալ Նահանգներում, Պարսկաստանում: Այժմ նրանք Հայաստանում են ձեզ տեսնելու և համերգին ներկա գտնվելու համար: Սա շատ մեծ ձեռքբերում է երաժշտական ոլորտում:

Գ. – Շնորհակալություն: Ես ցանկանում էի համերգ ունենալ այս տարածքում, բայց այն չէր հաջողվում` բազմաթիվ պատճառներից ելնելով: Այսօր վերջապես ես շատ մոտ եմ զգում ինձ իմ հայրենիքին և միևնույն ժամանակ` հայ ժողովրդին: Շատ հայ ընկերներ ունեմ, այդ պատճառով էլ պատրաստվում եմ հայերենով էլ երգել։

Զ.Զ – Երգելո՞ւ եք հայերեն: Շատ ոգեշնչող է : Ցանկանում եմ Ձեզ մի հարց տալ: Ձեր կենսագրության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ Դուք ելույթ չեք ունեցել գրեթե քսան տարի։

Գ. – Քսանմեկ:

Զ.Զ. – Դուք հաշվել եք: Ի՞նչ հետևանք ունեցավ դա Ձեզ նման արտիստի համար, արդյո՞ք դա Ձեր ընտրությունն էր: Ինչպիսի՞ զգացողություններ ունեցաք, երբ 21 տարի ելույթ չունենալուց հետո վերադարձաք բեմ:

Գ. – Իհարկե, արտիստի համար դժվար է իր աշխարհից հեռու լինելը, իսկ իմ աշխարհը բեմն է: Իմ հայրենիքում կանանց չի թույլատրվում երգել, բայց ես չէի կարող լքել երկիրն անօրինական կերպով, անձնագիր չունեի, մի շարք դժվարություններ ունեցա, բայց ես որոշեցի համակերպվել և սպասել. վերջապես վերադարձա։

Զ.Զ – Շնորհակալություն, իմ սերնդակիցների համար Դուք ոչ միայն եղել եք տաղանդավոր երգչուհի և դերասանուհի, այլև՝ իդեալ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ բոլորիս անունից և կրկին վստահեցնել, որ Դուք այստեղ կունենաք հիանալի համերգ: Ինձ հետաքրքիր է նաև, թե երբ եք առաջին անգամ լսել Հայաստանի մասին։ Գիտեմ, որ սա առաջին այցն է Հայաստան: Որո՞նք են այն առաջին երկու բառերը, որ Ձեր մտքին գալիս են Հայաստան անունը լսելիս:

Գ. -Առաջինը, որ ես մտածում եմ Հայաստանի մասին երաժշտությունն է, որովհետև ինձ հանդիպած հայ երաժիշտները շատ կիրթ են եղել։ Ես կարծում եմ, որ հայերի արյան մեջ է երաժշտությունը, ինչը հիանալի է ու անհավատալի. ես գնահատում եմ այն։ Հայ երաժիշտները շատ են օգնել երաժշտարվեստի զարգացմանը:

Հիշեցենենք, որ օգոստոսի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա լեգենդար երգչուհու մենահամերգը: Համերգն անչափ սպասված է հայ հանդիսատեսի կողմից: Երգչուհին հայտնի դարձավ ԽՍՀՄ-ում «Երկար գիշեր» ֆիլմում իր դերով։ Ինչպես երևում է Instagram–ի իր էջում կատարած գրառումից, երգչուհու համար հայաստանյան համերգը շատ սպասված է: Գրառումը մակագրված է #finally (վերջապես) և #historyinthemaking (կերտելով պատմություն), #Armenia#Yerevan հեշթեգերով և ունի ավելի քան 56.328 հավանություն (http://bit.ly/2xq3oKi):
Երգչուհին Կաննի, Սան Ռեմոյի, World Music Awards-ի և մի շարք այլ համաշխարհային փառատոների մրցանակակիրն է: Նա բազմիցս կատարել է երգեր հայերենով:

 

Հարցազրույցը՝  ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտե/State Tourism Committee of Armenia

Լուսանկարները ՝ Mark Production .

 

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում