booked.net
02.07.2020
13:31

Այսօր շախմատի հայ հսկա Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է

Տիգրան Պետրոսյանը շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Արչիլ Էբրալիձեի գլխավորությամբ։

Առաջին հաջողություններն արձանագրել է Համամիութենական պատանեկան առաջնություններում։ Սպորտի վարպետի նորման լրացրել է 1947 թվականին ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակչում։ Երկրի 1949 թվականին առաջնության եզրափակչում գրավել է 16-րդ տեղը։ Մոսկվա տեղափոխվելուց հետո հիանալի արդյունքների է հասել։ 1950 թվականին ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ 1951 և 1956 թվականների մրցաշարերում մրցակցությունից դուրս էր։ 1951 թվականի առաջնությունում ցուցադրել է խաղի գրոսմայստերական վարպետություն (2-3-րդ տեղեր) և 1952 թվականի միջփնջային մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել։ Այդ առաջնությունում նույնպես բաժանել է 2-3-րդ տեղերը։ Սկսած այդ ժամանակից՝ աշխարհի առաջնությունների անփոփոխ մասնակից է։ 1953 թվականին հավակնորդների մրցաշարում գրավել է 5-րդ տեղը։ 1955 թվականին միջփնջային մրցաշարում 4-րդն էր, 1958 թվականին՝ 3-4-րդը, 1962 թվականին՝ 2-3-րդը։ 1959 թվականին հավակնորդների մրցաշարում գրավել է 3-րդ տեղը։

1962 թվականին հաղթելով հավակնորդների մրցաշարում՝ Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել Մ. Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթեց 1963 թվականին և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։

1966 թվականին Տիգրան Պետրոսյանը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթելով Բորիս Սպասկիին։ 1969 թվականին շախմատի աշխարհի առաջնության ժամանակ պարտվեց նույն Բորիս Սպասկիին։ 1971-1980 թվականներին շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար։ ԽՍՀՄ հավաքականի կազմում 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում։

1984 թվականից շախմատիստի կենտրոնական տունը կրում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունը։

Տիգրան Պետրոսյանը պահպանողական, զգույշ և վերին աստիճանի պաշտպանողական խաղաոճով շախմատիստ էր։ Նրա վրա մեծ ազդեցություն է թողել Նիմցովիչի կանխարգելման գաղափարը։ Նա ավելի շատ ջանքեր էր գործադրում հակառակորդի հարձակումները կանխելու համար, քան իր հարձակումները կազմակերպելու համար։ Նա շատ հազվադեպ էր հարձակվում. միայն այն դեպքում էր հարձակվում, երբ զգում էր, որ գտնվում է լիովին անվտանգ դիրքում։ Սովորաբար նա հաղթում էր՝ խաղալով հետևողականորեն, մինչև իր հակառակորդը սխալ թույլ տար։ Այսպիսով, նա հաղթում էր՝ օգտվելով հակառակորդի սխալներից և չբացահայտելով իր թույլ կողմերը։ Համբերատարությունը և պաշտպանվելու վարպետությունը Տիգրան Պետրոսյանին դարձնում էին դժվար պարտվող շախմատիստ։

Փարիզում գործում է Տիգրան Պետրոսյանի անվան ակումբ, որի նախագահն է Ֆրանկ-Վազգեն Բայրամյանը (Ֆրանսիա), պատվավոր նախագահն էր շախմատի միջազգային կազմակերպիչ Գագիկ Հովհաննիսյանը (Հայաստան), քարտուղարն է Հելեն Բայրամյանը (Ֆրանսիա):

Շախմատիստի առաջին լուրջ հաղթանակը գրանցվել է 1945թ. Պետերբուրգում կայացած ԽՍՀՄ երիտասարդական առաջնությունում, ուր նա 1-ից 3-րդ տեղերը կիսել է Վասիլչուկի և Ռեշկոյի հետ: 1946թ. Երևանում կայացած 6-րդ հայկական մրցաշարում հաղթող է ճանաչվել:

Այդ տարի Թբիլիսիում կայացած Վրաստանի 7-րդ առաջնությունում Պետրոսյանը հավաքել է հնարավոր 19-ից 12,5 միավոր` գրավելով երկրորդ տեղը: ԽՍՀՄ Երիտասարդական 5-րդ առաջնությունում Պետրոսյանը կրկին հաստատում է հաղթողի իր տիտղոսը: 1947թ. Հայաստանի առաջնությունում շախմատիստը կիսել է 2-ից 4-րդ տեղերը:

1948թ. Կովկասյան հանրապետությունների մրցաշարում 2-րդ տեղն է գրավել: 1948թ.-ի Հայաստանի առաջնությունում Հենրիկ Գասպարյանի հետ կիսել է առաջին 2 տեղերը: 1949թ. տեղափոխվել է Մոսկվա, ուր մասնակցելով բազմաթիվ մրցաշարերի, մի շարք հաղթանակներ է տարել:

1952թ. Պետրոսյանն արդեն Խորհրդային Միության և միջազգային գրոսմայստեր էր: Այդ տարի էլ հենց ամուսնացել է թարգմանչուհի Ռոնա Ավինեզարի հետ: 1958-1979թթ. ԽՍՀՄ շախմատային ֆեդերացիայի նախագահության անդամ է եղել: 1968-1977թթ. «Սովետսկի սպորտ» թերթի խմբագիրն էր:

1963թ. Տիգրան Պետրոսյանը դարձել է իմաստուն խաղի աշխարհի 9-րդ չեմպիոնը` հաղթելով Միխաիլ Բոթվիննիկին: 2-րդ անգամ նույն տիտղոսին արժանացել է 1966թ.: «Շախմատային տրամաբանություն» տեսության համար Երևանի պետական համալսարանը 1968թ. նրան թեկնածուի կոչում է շնորհել:

Խաղալով ԽՍՀՄ հավաքականի կազմում՝ 1958-1978թթ. համաշխարհային շախմատային օլիմպիադաների հաղթող է ճանաչվել: Իր վերջին պատմական հաղթանակը տարել է 1981թ. ոչ պակաս հայտնի շախմատիստի` հայկական ծագումով Գարի Կասպարովի նկատմամբ: Տիգրան Պետրոսյանը մահացել է 1984թ. ստամոքսի քաղցկեղից:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում