25.03.2019
17:55
Երևան

Մոուրինյոն հեռացվեց «Մանչեստեր Յունայթեդից»

«Մանչեստեր Յունայթեդը» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Ժոզե Մոուրինյոյին: Անցած կիրակի՝ դեկտեմբերի 16-ին, Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «մանկունյանցիները» 3:1 հաշվով պարտություն կրեցին «Լիվերպուլից», եւ դա վերջին կաթիլը դարձավ: Ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում նշել է հետագա անելիքների մասին:

«Ակումբը ցանկանում է շնորհակալություն հայտնել Ժոզե Մոուրինյոյին «Մանչեստեր Յունայթեդում» իր կատարած աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել հետագա կարիերայում:

Ժամանակավոր մարզիչ կնշանակվի, որը թիմը կգլխավորի մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Միաժամանակ ակումբն աշխատանքներ է տանում մշտական մարզիչ գտնելու ուղղությամբ»,- գրված է հայտարարության մեջ:

Դեկտեմբերի 22-ին կայանալիք 18-րդ տուրի «Քարդիֆի» դեմ խաղում թիմը ղեկավարելու է Մայքլ Քարիքը:

Մոուրինյոն ՄՅՈՒ-ի ղեկը ստանձնել էր 2016 թվականին: Թիմի հետ նվաճել է Անգլիայի լիգայի գավաթը, Անգլիայի սուպերգավաթը եւ Եվրոպա լիգայի գավաթը: Ակումբը նրան 24 մլն ֆունտ ստեռլինգ փոխհատուցում է վճարելու:

Մոուրինյոյի հետ միասին 2016-ի ամռանը «Յունայթեդի» հետ պայմանագիր էր կնքել Հենրիխ Մխիթարյանը: Ժամանակի ընթացքում նրանց հարաբերությունները լարվել էին, ու այս տարվա սկզբին ՀՀ հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց «Արսենալ»: Վերջերս լարվել էին նաեւ պորտուգալացի մասնագետի ու թիմի ամենաթանկ ձեռքբերումներից մեկի՝ Պոլ Պոգբայի հարաբերությունները: Հաճախ էր նշվում, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը կարող է հեռանալ:

Այս պահին «Մանչեստեր Յունայթեդը» զբաղեցնում Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: Ունի 26 միավոր: Բավական հեռու է լավագույն քառյակից: 4-րդ տեղում  ընթացող «Չելսիին» զիջում է 11 միավորով:

 

armtimes.com

Muz-Tv.am Գտեք մեզ Facebook -ում

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում