booked.net
28.05.2020
15:02

Քանի որ կյանքում պետք է մի բանով զբաղվել, ուրեմն ում մտքով անցնի, կարող է ֆիլմ նկարահանել, ընդ որում՝ էական չէ, թե կյանքի որ փուլում . Զավեն Բոյաջյան

Կինոգետ Զավեն Բոյաջյանը գրում է .

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ԿԱՏԵԽԻԶԻՍԸ

Ապրիլի 16-ը՝ Ոստիկանության օրը, նաև Հայ կինոյի օր հռչակելու առթիվ միտքս դարձավ ժամանակակից հայկական կինոյին, որի հիմնական դրույթներն էլ ինձ պաշարած մտորումներից հետո ներկայացնում եմ ստորև: Այս կատեխիզիսի վրա են հենված մշուշից մերթընդմերթ հառնող հայոց ֆիլմերը հազվադեպ բացառությամբ:

1. Քանի որ կյանքում պետք է մի բանով զբաղվել, ուրեմն ում մտքով անցնի, կարող է ֆիլմ նկարահանել, ընդ որում՝ էական չէ, թե կյանքի որ փուլում:
2. Ռեժիսորը նաև սցենարիստ է (պրոդյուսեր, օպերատոր, մոնտաժող և այլն, և այլն մինչև անսահմանություն):

3. Եթե ռեժիսորը, այնուամենայնիվ, սցենարիստ չէ, ուրեմն ամեն ոք, որ քիչ թե շատ գրելու գլուխ ունի, պոտենցիալ սցենարիստ է:

Ծանուցում. 1-ին, 2-րդ և 3-րդ դրույթների կանոնական դրսևորումները.
ա) ֆիլմը սկսվում է և ոչ մի կերպ չի ուզում ավարտվել (ձգվելով մինչև անսահմանություն).
բ) դեպքերն ինչքան քիչ զարգանան, այնքան ֆիլմն ավելի շատ կհարի արտհաուսին կամ հեղինակային կինոյին.

գ) ֆիլմն առնվազն պետք է երկու վերջաբան ունենա (երեք, չորս… մի խոսքով, մինչև անսահմանություն), հմմտ. ա) կետի հետ.
դ) կինոhերոսները կամ ձկան պես լուռ են, կամ խոսում են փողոցային հայերենով, կամ կեղծ, գրական լեզվով.

ե) անամոք պաթոս կամ սենտիմենտալիզմ, ճակատամուխ պլակատ կամ սխեմատիզմ, սակավամտություն կամ ինտելեկտուալ չքավորություն, կայուն իմունիտետ իրականության հանդեպ, կլիշեների շքահանդես, գավառական սնոբիզմ.
զ) արդյունքը՝ ավելի շատ ֆիլմի իմիտացիա, քան ֆիլմ:

4. Քանի որ կյանքը խաղ է, իսկ մարդիկ՝ դերասաններ (թեթևակի բառափոխելով մեծ դասականին), ուրեմն ամեն ոք, կյանքում իր դերը խաղալուց բացի, կարող է ինչ դեր ասես խաղալ կինոյում:
5. Թե՛ խաղարկային, թե՛ վավերագրական ֆիլմում ամենակարևորը երաժշտությունն է. սա պետք է այնքան անսպառ լինի, որ սկզբնական տիտրերից անընդմեջ կամ գրեթե անընդմեջ ձգվի մինչև եզրափակիչ տիտրերը (իսկ ավելի լավ է մինչև անսահմանություն):

P. S. Հայ կինոյի օրվա առթիվ աչքիս ընկած ելույթներում ամենից հաճախ հանդիպող բառը «նվիրյալն» էր: Հռետորական հարց. քանի որ կինոն մասնագիտական գործունեություն է և ոչ թե միսիոներական առաքելություն, երբևէ հնարավոր կդառնա՞ նվիրյալի փոխարեն ուղղակի պրոֆեսիոնալ լինել: Ու վերջ:»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում