booked.net
02.03.2021
15:01

«Կարմիր բլուր» հնավայրի պեղումների արդյունքում հայտնաբերվել է երկաթից պատրաստված եռաժանի

«Կարմիր բլուր» հնավայրի պեղումների արդյունքում հայտնաբերվել է երկաթից պատրաստված եռաժանի, որը թվագրվում է մ.թ.ա 7-րդ դարով: Եռաժանիները Վանի թագավորությունում կիրառվել են ոչ միայն գյուղատնտեսական բնույթի աշխատանքներում, այլ նաև ծառայել են որպես զենք: Այս յուրօրինակ եռաժանին պահպանվում է «Էրեբունի» թանգարանում:

Հիշեցնենք , որ «Կարմիր բլուր»-ը այլ կերպ նաև կոչվել է Թեյշեբաինի ուրարտական քաղաք , որը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին։ Քաղաքը կառուցվել է Վանի թագավորության վերջին հզոր թագավոր Ռուսա Բ-ի (մ. թ. ա. 685-645) կողմից՝ մ. թ. ա. VII դ. առաջին կեսին։ Երևան-Էրեբունիից ոչ հեռու կառուցված Թեյշեբաինի բերդաքաղաքը կրում է ուրարտական ռազմի և ամպրոպի աստված Թեյշեբայի անունը։

Թեյշեբաինին շրջապատված է եղել մարտկոցավոր և աշտարակավոր՝ 3 մ հաստությամբ հզոր պաշտպանական պարսպով, որն ընդգրկել է նաև միջնաբերդը։ Վերջինս ամբողջական մոնումենտալ կառույց է՝ լայնարձակ բակով։ Երկհարկ միջնաբերդի առաջին հարկը բաղկացած է եղել ինքնուրույն պահեստախմբերից, արհեստանոցներից, գինու մառաններից:

Կանոնավոր հատակագծված քաղաքը բաղկացած էր սոցիալական տարբեր խմբերի պատկանող մարդկանց բնակարաններից։ Բնակելի թաղամասերը կազմված են եղել առանձին տների խմբավորումից, երկու սենյակից բաղկացած տներն առջևում ունեցել են բակ՝ օջախով, խմելու ջրի մեծ կարասով և այլն։ Խոշոր սենյակները լուսավորվել են նաև երդիկով։

Բլրի մակերևույթին համապատասխան՝ կառույցները դասավորված են աստիճանաձև և ունեցել են ելուստավոր աշտարակի տեսք։ Այս շարքում է նաև երեք բաժանմունքից բաղկացած սրբարանը։ Բնակելի սենյակներն ու հանդիսավոր դահլիճները եղել են երկրորդ հարկում։ Մասնագետներն եզրակացրել են, որ տաճարային շենքերն ունեցել են 2 տիպի դահլիճ՝ քառակուսի և ուղղանկյուն։

Քաղաքն ունի նաև ստորգետնյա ջրանցք, որը կառուցվել է Ռուսա Բ-ի կարգադրությամբ։ Թեյշեբաինին ուներ ճիշտ հատակագծված փողոցներ, որոնք համապատասխանում էին թաղամասերին ու պարունակում բնակելի շենքերի տարբեր կոմպլեքսներ։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում