booked.net
19.08.2019
08:37

Գեղանկարչուհի Նինա Աղաւելեանի Աշխատանքներն Առաջին Անգամ Կը Ցուցադրուեն Լոս Անջելեսում

«Ճշմարիտ արուեստը տանում է դէպի կատարսիս (բիւրեղացում)», գեղանկարչուհի Նինա Աղաւելեանն այս փիլիսոփայութեամբ է ստեղծում արուեստի իր գործերը, որոնք արարչական ուղերձներ են կրում: Նկարչուհու՝ «Տաղարան Հոգու» խորագրով գեղանկարների հաւաքածուն առաջին անգամ կը ներկայացուի ամերիկահայ համայնքին՝ Հայ առաքելական եկեղեցու արեւմտեան թեմի «Զօրայեան» թանգարանում, Օգոստոսի 13ին եւ 14ին:

Հաւաքածուն ներկայացնում է արուեստագէտի տարբեր շրջանների աշխատանքներ մի քանի ոճերում՝ գեղանկար, գրաֆիկա (գծանկարչութիւն), տեքստուր (հիւսուածք) գործեր: «Իմ ստեղծագործութիւններում առկայ են ե՛ւ բնանկարներ, ե՛ւ դիմանկարներ, ե՛ւ նատիւրմորտ, սակայն վերջին շրջանում առաւել արտայայտւում են աբստրակտ (վերացական) ոճում: Նկարներս կարծես մի տեսակ մաքրւում են այն ամէնից, ինչն ինձ պէտք չէ, եւ ներկայացնում եմ բուն ասելիքս աւելի կոնկրետ (յստակ): Վերջին ցուցահանդէսս կոչւում էր «Երփնագիր Տեսիլքներ», որտեղ ներկայացնում էի մարդու անցած ճանապարհը, անդրադառնում այն հարցին, որ մարդը չի հանգրուանում, կանգ չի առնում կանգնում, անընդհատ ինքն իրենից պարտութիւն կրելով մաքրւում է՝ հասնում կատարսիսի, եւ դա դէպի Աստուած տանող ճանապարհն է, որտեղ կայ սէր, յոյս եւ հաւատ: Մաքրագործումն ամէն մարդու մօտ իւրովի է: Պէտք է կարողանալ ամենագեղեցիկը մատուցել ստեղծագործելու միջոցով», նշում է նկարչուհին:

Նինա Աղաւելեանի կտաւներից բխում է լոյս, ջերմութիւն, սէր՝ նրա հոգու արտացոլանքը, որ արուեստագէտն անմացորդ փոխանցում է: Արուեստագէտը նաեւ նշում է, որ իր աշխատանքների միջոցով, Հայաստանից հեռու ապրող հայրենակիցներին կը փորձի հաղորդակից դարձնել հայրենիքի գոյներին, կենսակերպին, բնութեանը: Նինա Աղաւելեանի անհատական ցուցահանդէսի բացումը տեղի կ՛ունենայ Օգոստոսի 13ին, Ժամը 7ին, եւ առիթ կը լինի ծանօթանալու նկարչուհին:

Տեղեկանք.- Նինա Աղաւելեանն աւարտել է ԵՊՀ փիլիսոփայութեան եւ սոցիոլոգիայի ֆակուլտետը: Նկարչութեամբ սկսել է զբաղուել 1984 թուականից: Հայաստանի Նկարիչների միութեան անդամ է, Կերպարուեստի միջազգային ասոցիացիայի ԵՈՒՆԵՍՔՕի անդամ: Անհատական եւ խմբային ցուցահանդէսներով հանդէս է եկել աշխարհի տարբեր երկրներում:

asbarez.com

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում