19.09.2017
19:30
Երևան

Մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 4-րդ միջազգային փառատոնը:

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Կարապի լճի հարակից տարածքում մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 4-րդ միջազգային փառատոնը: Այն մեկնարկել է Տերունական աղոթքով։

Ներկաներին ողջունել են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և փառատոնի հոգևոր պատասխանատու Գերաշնորհ Տ. Բագրատ եպս. Գալստանյանը:
«Փառատոնը շատ կարևոր նշանակություն ունի ինչպես հոգևոր, այնպես էլ արվեստի տեսանկյունից: Այս միջոցառումն իրեն իսկապես արդարացրել է, քանի որ իր գոյության 4 տարիների ընթացքում բավականին մեծացրել է աշխարհագրությունը, և այսօր փառատոնին մասնակցում են կինոռեժիսորներ աշխարհի տարբեր երկրներից: Կարևոր է, որ մասնակցում են ոչ միայն հայ առաքելական եկեղեցու դավանողները, այլև շատ այլ դավանանքների հետևորդներ», – նշել է Արամ Սուքիասյանը:
Փառատոնն իրականացվում է «Ծիածան» հասարակական կազմակերպության և «Ֆորմիկա Փրոդաքշն» ընկերության համատեղ նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանի և Արարատյան հայրապետական թեմի գործընկերությամբ։
«Ֆրեսկո» 4-րդ փառատոնի ֆիլմացանկում ներառված է 42 կինոժապավեն 25 երկրից՝ 28 մրցութային և 14 արտամրցութային: Փառատոնում այս տարի կներկայացվի հայկական 8 ֆիլմ:
Առաջին անգամ փառատոնն ունի նաև հատուկ ծրագիր՝ «Հետադարձ հայացք» խորագրով, որտեղ կներկայացվեն հայ մտավորական, կինովավերագրող երջանկահիշատակ Արա Վահունու ֆիլմերը:
Այս տարի ևս փառատոնն առանձնակի ուշադրություն է դարձնում հատուկ խմբերի մասնակցությանը բոլոր փուլերին: Ոլորտում մասնագիտացված կառույցների հետ համագործակցության շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձինք ոչ միայն կմասնակցեն փառատոնի բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն կներգրավվեն «Ֆրեսկո»-ի կազմակերպչական աշխատանքներում:
Ավանդույթի համաձայն փառատոնի խորհրդանիշ ձկան տեսքով մրցանակները կպատրաստեն Խարբերդի մանկատան սաները:
Նշենք նաև, որ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 4-րդ միջազգային փառատոնն անցկացվելու է մինչև սեպտեմբերի 3-ը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում