15.11.2017
02:38
Երևան

Այսօր սեպտեմբերի 3-ին Շուշիում տեղի կունենա Դանիել Դեքերի «Իմ Արցախ» համերգը :

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի նախարարությունների հովանու ներքո՝  ս. թ. սեպտեմբերի 3-ին, ժամը 19:00-ին, Շուշիի Մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի կունենա «Իմ Արցախ» խորագրով համերգը, որին մասնակցելու համար մեր երկիր է ժամանել ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դանիել Դեքերը։

Համերգը նվիրվում է Շուշիի ազատագրման 25 և Արցախի անկախության 26-րդ տարեդարձներին:

Հայ երգարվեստի մեծ սիրահար Դանիել Դեքերը, շուրջ 15 տարի է՝ հայ ժողովրդի և Հայաստանի կողքին է: Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ադանա» և «Հիշի´ր» ստեղծագործությունների համահեղինակը թողարկել է բացառապես հայերեն երգերով ձայնասկավառակ, Երևանում հանդես եկել հայ երգարվեստը ներկայացնող համերգով:

Երգիչը ցանկություն է հայտնել Արցախում հանդես գալ մենահամերգով և երգել Արցախի հանդեպ իր մեծ սիրո մասին: Նա համոզված է, որ իր այս քայլով կարող է նպաստել Արցախի ճանաչմանը և օրինակ ծառայել օտարազգի հայասեր շատ գործիչների համար։

Հիշեցնենք, որ Դանիել Դեքերը 2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ստացել է ՀՀ քաղաքացիություն։

Համերգը կանցկացվի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Նորայր Դավթյան/ և հայ երգիչների մասնակցությամբ: Ծրագրում նախատեսված են զուգերգեր Համլետ Գևորգյանի, Լեյլա Սարիբեկյանի, Անահիտ Շահբազյանի, Եվա Եգանյանի հետ:

 

ՀՀ Մշակույթի նախարարություն

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում