25.03.2019
18:14
Երևան

Այսօրվանից գործադուլ ենք սկսում. Եթե վարչապետը չի ուզում մեզ տեսնել, մենք կգնանք իրեն տեսնելու. բողոքի ակցիա

Մշակույթի նախարարության աշխատակիցներն այսօրվանից գործադուլ են սկսում: Նրանք այս պահին բողոքի ակցիա են իրականացնում նախարարության շենքի մոտ եւ բողոքում են, որ կառավարությունը որոշել է լուծարել Մշակույթի նախարարությունը՝ մի մասը միասցնելով ԿԳՆ-ին, մյուս մասը՝ քաղաքաշինության նախարարությանը:

Ցույցի մասնակիցներից Մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու;

Երանուհի Մարգարյանն ասաց. «Այդ ի՞նչ վերլուծություններ են կատարվել, որ այս կամ այն մարմինն արդյունավետ չի աշխատում, որ պետք է օպտիմալացվի: Կամ ինչպես են որոշել, որ միավորումն ավելի արդյունավետ է դարձնելու տվյալ ոլորտի աշխատանքը:

Մշակույթը պետք է զերծ լինի բոլոր տեսակի քաղաքական վայրիվերումներից: Մշակույթի նախարարությունը պետք է հզորացնել, նրան պետք է տալ վերահսկողական լծակներ: Չի կարելի մշակութային ժառանգությունն աղճատել, դա անթույլատրելի է: Մշակութային ժառանգությունն ամբողջական է եւ չի կարելի հուշարձաններ առանձնացնել տալ քաղաքաշինությանը, իսկ մշակույթը ածանցյալ դարձնել կրթության ու գիտությանը: Այն դեպքում, երբ կրթությունն ու գիտությունն են ածանցված մշակույթից: Քաղաքաշինությունը եւ մշակույթի պահպանությունը թշնամի ոլորտներ են: Ամբողջ աշխարհում է այդպես, հարցրեք ցանկացած միջազգային փորձագետի: Մենք միշտ ընդդիմացել ենք քաղաքաշինական տարբեր ծրագրերի՝ հանուն մշակութային հուշարձանների պահպանման»:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ եթե նախարարություններն ուռճացված են, թող ուսումնասիրեն, փորձել լուծել այդ հարցը, դա նախարարության հիմնական գործառույթների հետ ոչ մի առնչություն չունի:

«Մենք գործադուլ ենք սկսում այսօրվանից: Եթե պարոն վարչապետը չի ուզում գա մեզ տեսնելու, մենք այդքան հպարտ չենք, ինքներս կգնանք իրեն տեսնելու՝ սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում»,-ասացին նրանք:

Հիշեցնենք, որ կառավարության կառուցվածքի վերաձևավորման արդյունքում ՀՀ նախարարությունների թիվը 17-ից կհասնի 12-ի։ Փոփոխությունների համաձայն` լուծարվելու է սփյուռքի նախարարությունը։ Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կդառնա կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարություն։ Տնտեսական զարգացման ու ներդրումների և գյուղատնտեսության նախարարությունները կմիավորվեն։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը կմիանա տարածքային կառավարման ու զարգացման նախարարությանը։ Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության և գիտության նախարարությանը։ Որպես առանձին գերատեսչություններ շարունակելու են գործել ֆինանսների, արդարադատության, առողջապահության ու բնապահպանության նախարարությունները։

 

news.am

Muz-Tv.am Գտեք մեզ Facebook -ում

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում