booked.net
12.11.2019
00:42

«Սա, իսկապես, չափազանց անլուրջ և ծանծաղ քննադատություն է». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը իր էջում գրել է.

«Այսօր իմացա, որ ԿԳՍՄ նախարար և արաբագետ Արայիկ Հարությունյանին մեղադրում են գիտամանկավարժական գործունեության ընթացքում հոդվածներ չգրելու համար:

Սա, իսկապես, չափազանց անլուրջ և ծանծաղ քննադատություն է, քանի որ կարող ենք հարյուրավոր գիտնականների օրինակներ բերել, որոնք հոդվածներ ու մենագրություններ գրելու փոխարեն նախընտրել են ամբողջ ռեսուրսը կենտրոնացնել դասախոսելու և մանկավարժական գործունեության վրա:

Այսինքն՝ շատ գրելը դեռևս որակի երաշխիք չէ, հատկապես Հայաստանի գիտական հանդեսներում, որտեղ հաճախ կարող են հանդիպել փսևդո գիտական հոդվածներ: Իմ պրոֆեսորն ասում էր, որ ինքը հոդվածներ ուշ-ուշ է գրում, քանի որ դա ինքնանպատակ չէ և պետք է լինի ըստ անհրաժեշտության: Ի տարբերություն պրոֆեսորի, կան այնպիսի գիտաշխատողներ, որոնք ամեն ինչ անում են բոլոր հնարավոր հանդեսներում հայտնվելու համար և երբեմն անբովանդակ և թույլ գիտականությամբ նյութեր են հրապարակում:

Կարծում եմ, տեղին կլինի նաև օրինակ բերել անցյալի մեր հեղինակավոր պատմաբանների պրակտիկայից: Լեոն և Մանանդյանը բազմաթիվ հատորներ ունեն, իսկ Գրիգոր Միքայելյանը ամբողջ կյանքի ընթացքում ընդամենը մեկ մենագրություն է գրել՝ «Կիլիկիայի հայկական պետության պատմությունը»: Իմ կարծիքով Միքայելյանի այս փոքրիկ մենագրությունը շատ ավելի արժեքավոր է, քան Լեոյի բոլոր հատորները միասին վերցրած:

Օրինակներն, իհարկե, չափազանց շատ են, ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան գիտական միջավայրերում, բայց սահմանափակվենք այսքանով»:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում