booked.net
24.09.2019
12:39

Եթե ՌԴ-ում մեր կողմից տրված տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայականները ճանաչվեն և հնարավորություն տրվի դրանցով, օրինակ, տաքսի վարել, մենք փոխադարձության հիմունքներով նույն հնարավորությունը կտանք նաև ՌԴ քաղաքացիներին . Հովհաննես Քոչարյան

ԵՏՄ երկրներից տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք Հայաստանում տրանսպորտային միջոցի օգտագործմամբ ձեռնարկատիրական գործունեություն կարող են իրականացնել միայն փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։ Նրա խոսքով՝ նախագծով սահմանվում է, որ կարգելվի բիզնես գործունեության նպատակով ռուսական վարորդական իրավունքի վկայականների գործածությունը Հայաստանում։

«Այսինքն, եթե ՌԴ-ում մեր կողմից տրված տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայականները ճանաչվեն և հնարավորություն տրվի դրանցով, օրինակ, տաքսի վարել, մենք փոխադարձության հիմունքներով նույն հնարավորությունը կտանք նաև ՌԴ քաղաքացիներին»,- ասաց փոխոստիկանապետը։

Ինչ վերաբերում հարցին՝ արդյո՞ք այս նախագիծը պատասխան է ՌԴ-ին, որն արգելել է ՀՀ վարորդական վկայականներով ՌԴ-ում գործունեություն ծավալել, Քոչարյանը պատասխանեց․ «Սա պատասխան չէ, նույն կարգավորման նախատեսումն է մեր օրենսդրության մեջ միասնականացում ապահովելու համար»։

Հովհաննես Քոչարյանը կարծում է, որ ՀՀ-ն իր օրենսդրությունը ԵՏՄ-ին կհամապատասխանեցնի այն ժամանակ, երբ ՌԴ-ն իր օրենսդրությունը կհամապատասխանեցնի ԵՏՄ-ին։ Նա տեղեկացրեց, որ այս օրենքի ընդունումից հետո կարգելվի ՌԴ քաղաքացուն ՀՀ-ում, օրինակ՝ տաքսի վարել։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն քննարկում է Ճանապարհային երթևեկության և անվտանգության մասին ու հարակից օրենքներում փոփոխություն անելու հարցը։

Նշենք նաև, որ ՌԴ-ում հայ վարորդները հայկական վարորդական իրավունքի վկայականներով չեն կարողանում ձեռնարկատիրական նպատակով տրանսպորտ վարել։

tert.am

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում