booked.net
24.08.2019
18:00

Կառավարությանը ապօրինի պայմաններ պարտադրելու որեւէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության. վարչապետ

Ես ուզում եմ հստակ լինի, որ ապօրինի գործողությունների հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու: Այս մասին այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Իջեւանի բողոքի ակցիաներին: Նշենք, որ արդեն 2 օր է՝ Իջեւանում ապօրինի ծառահատում իրականացնողները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով թույլ տալ մտնել անտառ եւ ծառ հատել:

«Իջեւանում անթույլատրելի զարգացումներ են տեղի ունեցել, ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպած ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին ու մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին, 12 ոստիկան ստացել է մարմնական վնասվածք, բարեբախտաբար, ոչ շատ ծանր, երկու քաղաքացի է մարմնական վնասվածք ստացել»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ծառահատումներ իրականացնող անձինք ցանկանում են ապօրինի պայմաններ պարտադրել կառավարությանը:

«Միանգամից ասեմ, որ կառավարությանը ապօրինի պայմաններ պարտադրելու որեւէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը տեղեկացրեց, որ մոտ 500 անձի կողմից մի քանի անգամ փակվել է ճանապարհը:

«18:00-ի շրջանակներում, չենթարկվելով ոստիկանության պահանջներին, ոստիկանությունը օրենքի շրջանակներում պատնեշ էր կազմել եւ ուզում էինք բացել փողոցները, տեղի ունեցավ բախում ու քարերով, փայտերով, մահակներով վնասվածքներ են պատճառել մեր ոստիկաններին»,- ասաց փոխոստիկանապետը:

Մովսիսյանի խոսքով՝ 8 հոգի այժմ հոսպիտալացված է, վիճակները բավարար է. «Երկուսը կմնան, վեցը կանցնեն ամբուլատոր հսկողության»,- ասաց նա:

Մովսիսյանն ասաց, որ այս պահին իրավիճակը վերահսկելի է, ճանապարհները բաց են, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Փոխոստիկանապետը նշեց, որ 19 հոգի բերման է ենթարկվել, որոնցից 13-ը ձերբակալվել է, իսկ մնացածը բաց են թողնվել ստորագրությամբ:

Արձագանքելով փոխոստիկանապետին՝ վարչապետն ասաց, որ շուրջ 36 հոգի պետք է բերման ենթարկվեր. «Մյուսներն ո՞ւր են»:

Ի պատասխան Մովսիսյանն ասաց, որ գիշերն իրականացրել են օպերատիվ գործողություններ, հասցեներով խմբեր են գնացել, սակայն շատերը տեղում չեն եղել, բացակայել են բնակության վայրից. «Հիմա աշխատանքներ են տարվում՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ»,- ասաց Մովսիսյանը՝ բացառելով նաեւ նրանց՝ հանրապետության տարածքը լքելու փաստը:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանն էլ ասաց, որ քրգործի շրջանակում 13 անձ է ձերբակալվել, ներկայում միջոցառումներ են ձեռնարկվում մյուս անձանց տվյալները ճշտելու ուղղությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում ունենք վառելափայտի խնդիր:

«Մենք նախորդ տարվանից քննարկում ենք վառելափայտին այլընտրանքային վառելիքի արտադրության հարցը, խոսքը վերաբերում է պելետներին ու բրիկետներին»,- ասաց վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ պայմանավորվել են, որ Շրջակա միջավայրի նախարարությունն այս հարցում «փրոջեքթ-մենեջերի» դերակատարում կվերցնի, որպեսզի արտադրությունը կարողանան Հայաստանում զարգացնել:

«Ես ուզում եմ ասել, որ երբ մենք խոսում ենք բրիկետ-պելետների մասին, հանկարծ խոսքը չգնա, որ մենք, այսպես ասած, երրորդ երկրների հատուկ արտադրության ինչ-որ ճյուղ ենք ուզում զարգացնել»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ Իտալիայում բազմաթիվ բնակարաններ ջեռուցվում են պելետների միջոցով:

Վարչապետն ասաց, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ խոսել են նաեւ այլընտրանքային էներգետիկայի զարգացման ճյուղի վերաբերյալ, երբ, օրինակ, ջրերի տաքացման այլընտրանքային միջոցներ կան:

«Մենք պայմանավորվել ենք, որ այս ուղղությունը պետք է զարգացնենք, ունե՞ք ասելու ինչ-որ բան»,- ասաց վարչապետը՝ դիմելով Սուրեն Պապիկյանին:

Ի պատասխան Պապիկյանն ասաց, որ սա Հայաստանում դինամիկ զարգացող ուղղություններից մեկն է. «Արեւային էներգիայի օգտագործումը, որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր, խիստ տարածում է գտնում մեր գյուղերում»,- նշեց Պապիկյանը:

armtimes.com

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում