booked.net
26.05.2019
12:57

Վարչապետն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Յուլյա Լյովոչկինային և Անդրեյ Շիրցելին, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնին և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

Վարչապետը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԵԽԽՎ դիտորդական առաքելության ակտիվ մասնակցությունը Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Այնուհետև վարչապետն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի անկախության, օրենքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության, կառավարման համակարգի արդիականացման, Ընտրական օրենսգրքի բարելավման ուղղություններով իրականացվող բարեփոխումներին:

Համազեկուցողները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ժողովրդավարական բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և ընդգծել, որ դրանք լիարժեք արտացոլել են ՀՀ քաղաքացիների կամքը: Նրանք համոզմունք են հայտնել, որ ՀՀ կառավարության հավակնոտ ու համընդգրկուն բարեփոխումների օրակարգի իրականացումը նոր թափ կհաղորդի երկրում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը:

Զրուցակիցները կարևորել են նշված բոլոր ուղղություններով փոխգործակցությունն ու ակտիվ երկխոսությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առանձնակի կարևորում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությունը և նշել, որ անձնապես նախ որպես լրագրող, ապա քաղաքական գործիչ ու քաղբանտարկյալ երկար տարիներ ունեցել է արդյունավետ գործակցություն ԵԽԽՎ գործընկերների հետ:

Հանդիպման ընթացքում համազեկուցողների խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանային նշանակության այլ հարցերի:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում