booked.net
04.08.2020
14:36

Ռեստորանների հայկական միության ղեկավարը գոհ է վարչապետի հետ հանդիպումից

Ռեստորանների հայկական միության նախագահ Վահե Գևորգյանն անդրադարձել է երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց հանդիպմանը՝ գոհունակություն հայտնելով ձեռք բերված պայմանավորվածությունների համար:

«Ռեստորանների հայկական միությունը գոհունակությամբ արձանագրում է, որ հանրային սննդի ոլորտում կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամից դուրս գալու իր հերթական նախաձեռնությունը հաջողություն է պսակվել։

Հուլիսի 31-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում ՀՀ Կառավարության հետ սկզբունքային համաձայնություն է կայացվել հանրային սննդի ոլորտին պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։

Օժանդակության նպատակն է սատարել ռեստորանային բիզնեսին առկա ճգնաժամի հետևանքով առաջացած խնդիրները լուծելու, ի մասնավորի՝ աշխատատեղերը պահպանելու համար ոլորտի ձեռնարկություններին հատկացնել դրամաշնորհ աշխատավարձի ֆոնդը համաֆինանսավորելու տարբերակով։

Ռեստորանների հայկական միությունը շնորհակալություն է հայտնում ՀՀ վարչապետին և Կառավարությանը՝ պետություն – մասնավոր հատված համագործակցության այս կարևոր ձևաչափը հաստատելու առումով և լիահույս է, որ այն շարունակական բնույթ կունենա։

Ռեստորանների հայկական միությունը այսուհետ ևս նպատակաուղղված և թիրախային գործունեություն է իրականացնելու հանրային սննդի ոլորտի խնդիրները լուծելու և բնագավառի կայուն զարգացումն ապահովելու նպատակով»,- տեղեկացրել է միության ղեկավարը։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում