booked.net
03.12.2020
15:05

Կոմիտասի աշակերտուհին Կոմիտասի մասին պատմում է բացառիկ պատմություն

Կոմիտասի աշակերտուհի, մերձավոր բարեկամ և երկրպագու Մարգարիտ Բաբայանը պատմում է.
Տնտեսական սուղ պայմաններում ապրող Կոմիտասը մի անգամ իրենց այցելելիս, մայթեզրին նկատում է մաշված մի քսակ: Կանգ է առնում ու վերցնում.

«Ո՞ւմ քսակը կարող է լինել: Իհարկե` ոչ ունևոր մարդու»: Բաց է անում ու ծանոթանում քսակի պարունակությանը. մի քանի ֆրանկ ու մանր դրամներ: Բայց որտեղի՞ց գտնել քսակի կարիքավոր տիրոջը, որ երևի, հուսահատ դեսուդեն է ընկնում հիմա:

Ժամադրության ու ճաշի շտապող Կոմիտասը քարացած մնում է տեղում` անձկությամբ նայելով անցորդներին: Ով կորցրել է` շուտով կը հայտնվի: Եթե հեռվից երևում է շատ համեստ հագնված մեկը, վարդապետը հույսով է լցվում, բա՜յց… չի հայտնվում քսակի տերը:

Անցնում է կես ժամ, մի ժամ, երկու ժամ, ոչ ոք չի գալիս կորցրածը փնտրելու, ոչ ոք չի հարցնում, թէ արդյոք տեսե՞լ է մի քսակ:

Կոմիտասը անհանգստանում է. արդեն շատ է ուշացել ժամադրութիւնից: Չէ՞ որ հիմա Բաբայանները չեն ճաշում և իրեն են սպասում: Տգեղ ու անհարմար վիճակ ստեղծվեց:
Մի ժամ ևս անցնում է սպասողական լարված վիճակում: Կոմիտասը սկսում է ջղայնանալ:
Նորից ստուգում է ժամանակը: Երեք ժամ է որ կանգնած է փողոցում: Եվ ահա հեռվից նկատում է, թե ինչպես մայթն ու մայթեզրերը պրպտելով, դանդաղ մոտենում է մանկամարդ մի կին: Հասարակ զգեստ է հագին. դժգույն է ու անհանգիստ:

Կոմիտասը հարցնում է անմիջապես.

– Ի՞նչ եք որոնում տիկի՛ն:
– Հա՛յր սուրբ, հացի գնալիս` կորցրել եմ վերջին սանտիմներս. իսկ տանը, քաղցած երեխաներն ինձ են սպասում:

Արտասուքներ են նկատվում կնոջ կապույտ, տագնապալի աչքերում:

– Կարո՞ղ եք ասել, ի՞նչ գույնի էր ձեր կորցրած դրամապանակը:
– Մոխրագոյն, մաշված քսակ էր:

Կոմիտասը ժպտում է գոհունակ, գրպանից հանում քսակը, հանձնում մանկամարդ տիկնոջը, հաջողություն ցանկանում և շտապում Բաբայանների բնակարանը: Հուզված էր. կյանքում առաջին անգամ ժամադրություն չէր հարգել:

Ստեփան Կուրտիկյանի «Կոմիտասյան ղողանջներ» գրքից, 1969թ:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում