booked.net
02.07.2020
12:58

Կարո Փայլանը խոշոր հաշվով հաղթանակ է գրանցել Էրդողանի կուսակցության նկատմամբ

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կողմից Դիարբեքիրում առաջադրված Կարո Փայլանը մեծ թվով ձայներ է հավաքել:

Դիարբեքիրում Կարո Փայլանի կուսակցությունը հավաքել է 65 տոկոս ձայն։ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացումը»՝ 21, իսկ մյուս կուսակցությունները 3 տոկոսից պակաս են հավաքել։

Ըստ այդմ, Կարո Փայլանը մեծ թվով ձայներ է ապահովել իր կուսակցության համար և ընտրվել 27-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր։ Քրդական կուսակցությունը հատել է 10 տոկոս շեմը և հայտնվել խորհրդարանում 66 պատգամավորով։

Կարո Փայլանի հայկական ընտանիքը ծագում է Մալաթիայից։ Ավարտել է Ստամբուլի համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է հայկական դպրոցում։ Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությամբ անցել է Թուրքիայի Մեջլիս։2017 թվականի սեպտեմբերի 19-ին Կարո Փայլանին շնորհվել է ԵՊՀ ոսկե մեդալ:

«Իմ նախնիները Մալաթիայից են, իմ մեծ հայրը եւ մեծ մայրը Մալաթիայից են, նրանք հինգ զաւակ ունէին, որոնցից մէկը հայրս էր. հայրս եւ մայրս էլ ամուսնացել են Մալաթիայում եւ բախտաւորուել են երեք զաւակով՝ երկու տղայ եւ մէկ աղջիկ, մէկը ես եմ։ Ծնողներս 1969 թուականին Մալաթիայից գաղթել են Պոլիս..Ես հայ եմ, հայկական դպրոցում եմ ստացել ուսումս, միջնակարգս աւարտելուց յետոյ նաեւ անդամակցել եմ մեր դպրոցի ընթացաւարտների միութեանը։ Համալսարանում սովորել եմ վարչագիտութիւն եւ մագիստրատուրա (գերլիսանս) ունեմ տնտեսագիտութեան ճիւղում:

Գիտես, Թուրքիայի այս հասարակութիւնը ժողովուրդները տարիներ տեղեակ չէր, որ հայեր են ապրում այս երկրում, որ մենք էլ այս հողում ենք եղել, այս երկրի մաս ենք կազմում, մարդիկ մեզանից հարցնում էին, որ դուք որտեղացի՞ էք, որտեղի՞ց էք եկել այս երկիրը… եւ նման հարցումներ… մեզ տարիներ այնպէս են դիտել, թէ դրսեցիներ ենք, որ ապրում ենք Թուրքիայում։

Մեր շրջապատը, մեր գործընկերները, հարեւանները, ընկերները տեղեկութիւն չունէին հայութեան մասին։ Հրանդ Տինքը քաջութիւնը ունէր այդ հարցերի մասին խօսելու եւ մեզ էլ փոխանցեց այդ քաջութիւնը, որ խօսենք, որ լուռ չմնանք, արտայայտուենք, թէ այո՛, այս երկրում եղել են հայեր, որ պատմութիւն են կերտել, որի դէմ nճիր է տեղի ունեցել, եւ այն, որ Թուրքիան պիտի առերեսուի իր անցեալի ու պատմութեան հետ…

Ես ինքս ինձ հետ մտածում էի՝ եթէ ուզում եմ վիճակ փոխել, պիտի լինեմ քաղաքական կեանքում, ես միշտ հովանաւորել եմ Պէ.Տէ.Փէ.-ին (քրտական նախկին կուսակցութիւն), ընտրութիւններում էլ միշտ նրանց էի քուէ տալիս, այդ կուսակցութեան եւ քրտերի նկատմամբ մի տեսակ սրտակցութիւն էի զգում, նրանք էլ մեզ պէս տառապանքներ են կրել, նրանք էլ մեզ պէս իրենց ինքնութիւնը պահպանելու համար պայքարել ու պայքարում են…»-պատմում է Փայլանը

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում