booked.net
19.08.2019
08:23

Ապօրինի հատված ծառերը տարեկան մոտ 40 մլն դոլարի չափով եկամուտ են ապահովում

Փորձագիտական գնահատականներով` Հայաստանում ամեն տարի 0.5-1 մլն խմ անօրինական փայտ է հատվում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

«Բազմապատկեք դա 40 դոլարով, խոսքը կարող է, օրինակ, 40 մլն դոլարի շրջանառության մասին լինել»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով ստվերային այդ բիզնեսի հետեւում կանգնած անձանց, Գրիգորյանը նշեց, որ նախարարության ունեցած ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել ու ամենօրյա ռեժիմով փոխանցվում է իրավապահներին։

«Անձը, որը կարող է լինել այդ համակարգի, կամ համակարգերի հետեւում, միայն իրավապահները կարող են նրա մասին տեղեկություն տրամադրել»,- ասաց Գրիգորյանը՝ հրաժարվելով առանց հիմնավորվածության անուններ կամ տեղեկություններ նշել։

Գրիգորյանը հայտնեց, որ հատված ապօրինի փայտը հիմնականում սպառվում է Հայաստանի տարածքում` որպես վառելափայտ ու շինափայտ։

«Շատ տարածված է, որ ածուխ են սարքում ու այդ ծավալները եւս գալիս են այդ հատումներից։ Օրինակ` 2019 թվականի համար օրինական հատումների ծավալը 17 000 խմ է ընդամենը։ Մնացած ամբողջ ծավալը ձեւավորվում է ապօրինի հատումներից»,- ասաց Գրիգորյանը։

Գրիգորյանի խոսքով՝ այդ բիզնեսն իրականում շատ մեծ կառույց է, որը «ջարդելուն են միտված» պետական ու իրավապահ համակարգերի` կադրային եւ օրենսդրական փոփոխությունները։

«Համակարգը կառուցված է եղել այնպես, որ մարդիկ, որոնք ներգրավված են եղել ապօրինի անտառահատումների ստվերային բիզնեսում, նաեւ որոշակի ազդեցություն են ունեցել օրենսդրական գործընթացների վրա»,- ասաց նախարարը` հավելելով, որ օրենքով նախատեսված պատժաչափերը միայն հեղափոխությունից հետո հնարավոր եղավ խստացնել։

Գրիգորյանը նշեց, որ հեղափոխությունից հետո անտառապետերի ու անտառապահների նկատմամբ հարուցված քրեական գործերի արդյունքում Սյունիքի մարզում էականորեն նվազել է ապօրինի հատումների ծավալը, Տավուշում ու Լոռիում դեռ պահպանվում են մի քանի խնդրահարույց անտառտնտեսություններ, որոնցից մեկն էլ Իջեւանի անտառտնտեսությունն է։

Գրիգորյանը նշեց, որ այս անտառտնտեսության պետը ամիսներ առաջ է փոխվել, ու այս հանգամանքը, նրա դիտարկմամբ, եւս դժգոհության պատճառ է դարձել տարածաշրջանում։

armtimes.com

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում