booked.net
28.09.2020
18:44

Հայաստանում է գտնվում աշխարհի ամենահին գինու հնձանը

Արենի գյուղի մոտակայքի նույն այն քարանձավում, որտեղից հայտնաբերվել էր աշխարհի ամենահին` 5,500 տարվա հնություն ունեցող կաշվե կոշիկը, հնագետները հայտնաբերել են խաղողի տրորման, խմորման եւ պահպանման համար նախատեսված կավե տարաներ, բաժակներ եւ խաղողի կորիզներ, ինչն ապացուցում է, որ Հայաստանում գինի են պատրաստել ավելի քան 6000 տարի առաջ:

Ուսումնասիրություններն անցկացվել են հայ, ամերիկացի եւ իռլանդացի գիտնականների խմբի կողմից: Հնագիտական միջազգային արշավախմբի ղեկավար եւ հայկական կողմի պատասխանատու Բորիս Գասպարյանի խոսքով, սա աշխարհի ամենահին գինու հնձանն է:

Հնագետները համազված են, որ մոտ 1 մետրանոց թեք հատակով քարե ավազանը նախատեսված էր խաղողը բոբիկ ոտքերով ճզմելու եւ անջատված քաղցուն զատելու համար:

Քարանձավում հայտնաբերված գինեգործության մասին վկայող գտածոներն ապացուցում են մեծ ծավալի գինու արտադրության մասին: Հայտնաբերված խաղողի կորիզներն ապացուցում են, 6.000 տարի առաջ Հայաստանում գինի ստացել են խաղողի ճիշտ այն տեսակներից, որոնք այսօր էլ մշակվում են Հայաստանում:

Հայտնաբերված հնձանը զարդարված է խաղողի ողկույզներով: Ըստ հնագետների, այն ունեցել է նաեւ պաշտամունքային նշանակություն, օգտագործվել նաեւ տոնակատարությունների ժամանակ:

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը կարեւորում է այս իրադարձությունը, ասում է, որ սրանից պետք է Հայաստանում կարողանան օգտվել խաղողագործության եւ գինեգործության զարգացման առումով:

«Հայկական գինիները շատ հեշտությամբ կմտնեն միջազգային շուկա: Մենք ունենք խաղաքարտեր, հուսանք` կառավարությունը կկանգնի մեր կողքին», – ասում է գինեգործների միության նախագահը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում