booked.net
09.12.2019
04:28

Արցախում ունենք փոխըմբռնման մթոնոլորտ. Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ

Ազատ հայրենիք կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ .

«Հարգելի՛ հայրենակիցներ

Վերջին մի քանի ամիսներին մեր երկրում ծավալված ներքաղաքական զարգացումները չէին կարող իրենց բացասական հետևանքները չունենալ հանրային տրամադրությունների վրա: Հասարակության շրջանում առկա որոշակի լարվածության մասին ազդակներն ամեն օր ստանում էի թե՛ կուսակցականների և թե՛ տարբեր սոցիալական խմբերի հետ իմ ամենօրյա շփումների ժամանակ: Հավատացնում եմ բոլորիդ, որ այս ընթացքում ջանք ու եռանդ չենք խնայել, որպեսզի երկրում վերականգնենք բնականոն վիճակը՝ Արցախը հեռու պահելով ամեն տեսակ ներքին ցնցումներից: Իհարկե, դրա պատճառով չենք խուսափել ո՛չ թիրախավորումներից և ո՛չ էլ շահարկումներից, բայց, կարծում եմ, կարևորը արդյունքն է: Եվ այսօր կարող եմ հայտարարել, որ Արցախում ունենք համերաշխության և փոխըմբռնման այնպիսի մթնոլորտ, որի պայմաններում բոլոր քաղաքական ուժերը սպասվող համապետական ընտրություններում կարող են առողջ և քաղաքակիրթ պայքար ծավալել:

Այս գործում, միանշանակ, իրենց անուրանալի դերն ունեցան ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած վերջին այցը և Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Եռամիասնությանն ուղղված պատմական ելույթը:

Ներքին միասնականության պահպանմանն էին ուղղված նաև Սամվել Բաբայանի հետ իմ ունեցած հանդիպումներն ու քննարկումները: Այս դեպքում ևս շահարկումներից զերծ չմնացինք: Կրկին պնդում եմ, որ այդ հանդիպումները հետապնդում էին բացառապես կառուցողական նպատակ՝ հիմքում ունենալով երկրի շահը: Եվ ողջունելի է Սամվել Բաբայանի հայտարարությունն այն մասին, որ, հանրահավաքային պայքարի փոխարեն, իշխանության ձևավորման գործընթացի համար ընտրել են ընտրություններին մասնակցելու սահմանադրական ճանապարհը:

Ողջունելի է նաև ԱՀ Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի՝ Արցախում օրինակելի ընտրությունների անցկացմանը իր պատրաստակամությունը բերելու վերաբերյալ հայտարարությունը:

Այս մթնոլորտը թույլ է տալու ազատ, արդար և մրցակցային պայքարում Արցախում ձևավորել լեգիտիմ իշխանություններ՝ առանցքում ունենալով մայիսի 21-ին Մարտունի քաղաքի Հաղթանակի հրապարակում բնակիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ իմ կողմից հնչեցրած այն միտքը, որ ոչ մի ընտրություն ավելի մեծ արժեք չէ, քան միասնական լինելը:

Կեցցե՛ Արցախը:Կեցցե՛ մեր միասնական ու հզոր Հայրենիքը:»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում