booked.net
16.04.2021
17:22

ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը . (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է դիտարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փաշինյանը նման առաջարկով է հանդես եկել Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

«Ես հույս ունեմ, որ այսօր մենք կքննարկենք որոշ հարցեր՝ կապված ռազմավարական ներդրումների հետ, և այդ առումով ես ցանկանում եմ Ձեզ հետ քննարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանը անդրադարձ է կատարել Հայաստանի կողմից Covid-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի ձեռքբերմանը. արտահայտվել է պատրաստակամություն խորությամբ քննարկելու հարցն ու լուծումներ գտնելու անհրաժեշտ չափաքանակի մատակարարման հարցում: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ապրիլի 8-ին Հայաստանը կստանա ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ:

«Դա առաջին, այսպես ասած, խորհրդանշական խմբաքանակն է, բայց մենք հույս ունենք ձեռք բերել մեծ խմբաքանակ, քանի որ այն ապացուցել է իր արդյունավետությունը, և մեզ համար կարևոր է, որ ՀՀ-ն ունենա հնարավորություն այն ձեռք բերելու: Հասկանալի է, որ հիմա նաև ՌԴ-ում մեծ պահանջարկ կա, վաղը կստանանք 15 հազար դեղաչափ, սակայն մենք մեկ միլիոնից ավելի դեղաչափի անհրաժեշտություն ունենք» , – ասաց ՀՀ վարչապետը:

ՌԴ նախագահը տեղեկացրեց, որ պատվաստանյութի արտադրությունը ՌԴ-ում թափ է ստանում: «Մենք կքննարկենք և կլուծենք այդ խնդիրը՝ ոչ ի վնաս ռուս սպառողների, ՌԴ քաղաքացիների: Արտադրական հզորությունը համապատասխանում է երկրի ներսում պահանջարկին: Ոչ բոլորն են միանգամից ցանկանում պատվաստվել, սակայն գնալով ավելի շատ մարդ է ցանկանում պատվաստվել, այնպես որ ներկայում պահանջարկն ու արտադրական հզորությունը, ըստ էության, համընկնում են: Այնուամենայնիվ, մենք այդ հարցը կքննարկենք»,-նշեց Վլադիմիր Պուտինը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում