booked.net
07.12.2019
08:37

Ադրբեջանի խորհրդարանը ինքնալուծարման մասին գրություն է ուղարկել Ալիեւին

Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի Մեջլիսը, հրավիրված հատուկ նիստի ընթացքում հայտարարել է ինքնալուծարման մասին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ իշխող «Նոր Ադրբեջան» («Ենի Ազերբայջան») կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը մեջլիսի նիստի ժամանակ ընթերցել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւին ուղղված դիմումը՝ խորհրդարանի ինքնալուծարման եւ երկրում արտահերթ ընտրությունների նշանակման մասին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստի ընթացքում, որոշում էր ընդունվել խորհրդարանը ցրել:

Իշխող կուսակցությունը նման որոշում էր կայացրել՝ հիմնվելով Միլի Մեջլիսում՝ խորհրդարանում, սահմանադրական մեծամասնության շրջանակում ունեցած իր լիազորություններից:

Որպես որոշման հիմնավորում նշվել է այն, որ գործող խորհրդարանը երկրի ղեկավարի վարած քաղաքականությանը համապատասխան չի աշխատում եւ հետ է մնում երկրում անցկացվող բարեփոխումներից:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում սպասվում էին 2020 թվականի նոյեմբերի 1-ին. Ադրբեջանում մեջլիսի պատգամավորներն ընտրվում են 5 տարի ժամկետով, վերջին խորհրդարանական ընտրությունն անցկացվել էր 2015 թ. նոյեմբերի 1-ին: Իշխող կուսակցությունն այդ ընտրությունների արդյունքներով 125 մանդատից ստացել էր 71-ը:

armtimes.com

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում