booked.net
07.12.2019
08:36

Թուրքիան հատուկ ծրագրված թիրախավորում է քրիստոնյաներին

Թուրքիայի ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչներից «Yeni Yaşam» թերթն անդրադարձել է ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ Թուրքիայի վարած պետական քաղաքականությանը։ Դատապարտելով Սիրիայի տարածքում Թուրքիայի նախաձեռնած «խաղաղության աղբյուր» ռազմագործողությունը՝ թերթը պնդում է, որ այդ գործողության ընթացքում թիրախավորելով եկեղեցիներն ու քաղաքացիների տները՝ Թուրքիան փորձում է տեղի քրիստոնյաներին ստիպել լքել իրենց բնակավայրերը։

«Yeni Yaşam»-ը հրապարակել է հույն Կատրին Նիկոլաոյի և ասորի Էդիպ Ասլանի հետ հարցազրույցը՝ «Քրիստոնյաները թիրախավորվում են» խորագևով։ Կատրին Նիկոլաոն հիշեցրել է օրեր առաջ Սիրիայի Ղամիշլի քաղաքում երկու հայ կաթլիկ քահանաների՝ հայր և որդի Աբրահամ և Հովսեփ Պետոյանների սպանության մասին։

«Նմանատիպ հարձակումներով նրանք ցանկանում են տարածաշրջանում գաղթի նոր ալիք առաջացնել։ Նպատակը այդ մարդկանց այնտեղից տեղահանելն է։ Ես 1915թ․ իրադարձություններում տուժածների սերունդներից եմ։ Մեր ազգն այն ժամանակ կոտորածների ենթարկվեց և ցրվեց աշխարհով մեկ։ Անատոլիան և Միջագետքը այնպիսի տարածաշրջան են, որտեղ այս գործընթացը պարբերաբար կրկնվում է, պատերազմն ու գաղթը երբեք չեն դադարում այստեղ։ Թուրքիան ցանկանում է նվաճել այդ տարածաշրջանը և հեռացնել ոչ միայն հայերին, այլև այնտեղ ապրող բոլորին։ Թուրքիան չի ուզում, որ Սիրիայի հյուսիսն ինքնավար լինի, քանի որ այդտեղ իր համար վտանգ է տեսնում», – ասել է Նիկոլաոն։

Իսկ Էդիպ Ասլանը կոչ է արել Էրդողանին մոռանալ Սիրիայի մասին և մտածել իր երկրի ազգային փոքրամասնությունների մասին․ «Թող Էրդողանը քաղաքացիություն տա բոլոր այն ոչ մահմեդականներին, որոնք սկսած օսմանյան ժամանակներից գաղթել են այս երկրից։ Այն ժամանակ նոր մենք կհավատանք նրա անկեղծությանը», – ասել է նա:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում