booked.net
12.11.2019
00:06

Թուրքիան մի օր լուրջ վտանգ է ներկայացնելու հարավկովկասյան երկրներից հատկապես Վրաստանի ու Հայաստանի համար . Թորքիայում Վրաստանի նախկին հյուպատոս ՝ Մչեդլիշվիլի

Հարավային Կովկասի երկրներից Վրաստանը և Հայաստանը կանգնած են թուրքական սպառնալիքի առջև։ Այս մասին բարձրաձայնում են վրացի որոշ փորձագետներ՝ գտնելով, որ հարցը պետք է դառնա Բաթումում ընթացող Վրաստանի պաշտպանության և անվտանգության հարցերով միջազգային ամենամյա համաժողովի քննարկման առարկան:

Միջոցառմանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, երկօրյա այցով Բաթումում է նաև Հայաստանի ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը, ով համաժողովին հանդես է եկել «Սևծովյան տարածաշրջանում անվտանգության արդի մարտահրավերները» խորագրով բանախոսությամբ։ Մասնակիցները քննարկում են եվրաատլանյան անվտանգության ու տարածաշրջանային կայունության առջև ծառացած մարտահրավերները։

Վրաստանի ՊՆ-ն արդեն 13-րդ անգամ սևծովյան Բաթումի քաղաքում անցկացնում է պաշտպանության և անվտանգության հարցերով միջազգային համաժողով՝ քննարկման գլխավոր հարցերից մեկը համարելով Սևծովյան անվտանգությունը։ Հենց այդ մասին է եղել նաև Հայաստանի ՊՆ-ի նախարար Դավիթ Տոնոյանի ելույթը։

Բացի այդ, Վրաստանի միջազգային գործընկերները քննարկում են ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամագրվելու ճանապարհին Վրաստանի գրանցած առաջընթացը՝ այս անգամ հատուկ ուշադրություն դարձնելով դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարությանը՝ «Վրաստանի հնարավոր անդամագրումը ՆԱՏՕ-ին առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի»։ Վրացի փորձագետները, սակայն Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցությունը շատ շուտ չեն տեսնում․

«Եթե մենք պատկերացնենք, որ Վրաստանը դարձել է ՆԱՏՕ-ի անդամ, դա անշուշտ լուրջ բալանսավորող գործոն է Հարավային Կովկասի անվտանգության համար։ Բայց եկեք իրատեսական լինենք։ Վրաստանն այսօր պատրաստ չէ ՆԱՏՕ-ի անդամակցությանը, բայց նույնիսկ դրանում չէ միայն հարցը. ՆԱՏՕ-ն այսօր պատրաստ չէ, որովհետև անհրաժեշտություն չկա։ Դա կլինի, երբ ԱՄՆ-ն ցանկանա։ Այնպես որ, դժվար է ասել, թե առաջիկա տարիներին Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին»,-ասում է քաղաքագետ Գելա Վասաձեն։

Վրաստանյան համաժողովի օրակարգային հարցերից են նաև հիբրիդային սպառնալիքները, և ահաբեկչությունը, որը հեռու չէ Հարավային Կովկասից։ Սևծովյան Բաթում քաղաքը, որտեղ այս պահին ընթանում է անվտանգության համաժողովը, Թուրքիան կհամարի իրենը Սիրիայում գործողություններն ավարտելուց հետո, այսպես է կարծում Թուրքիայում Վրաստանի նախկին հյուպատոս Զաուր Մչեդլիշվիլին:

«Այս պահին Թուրքիան ժամանակ չունի Կովկասի կողմը նայելու․ շատ գործ կա Սիրիայում, սակայն ընդհանրապես Թուրքիայի հետաքրքրությունը Կովկասում չի ավարտվել։ Բաթումում նրանք զգում են ինչպես իրենց տանը, մզկիթ են ուզում կառուցել։ Բաթումի հարցը դեռ փակ է, Վրաստանը ևս չի ուզում հարաբերությունները լարել, բայց այն դառնալու է խնդիր»,- «Ռադիոլուր»-ին ասում է Թուրքիայում երկար տարիներ հյուպատոս աշխատած, թուրքագետ Մչեդլիշվիլին՝ նշելով, որ Թուրքիան մի օր լուրջ վտանգ է ներկայացնելու հարավկովկասյան երկրներից հատկապես Վրաստանի ու Հայաստանի համար։

Ահաբեկչության հարցերով վրացի փորձագետ Իոսիֆ Զաալիշվիլին նշում է, որ այսօր ահաբեկչական խմբավորումներին սատարող Թուրքիան իսլամական քաղաքականություն է տանում՝ քաղաքականություն բռնի ուժով, որը դեմ է տարածաշրջանում երկու քրիստոնեական պետություններին՝ Հայաստանին ու Վրաստանին:

«Ես կարծում եմ այս պարագայում Հայաստանն ու Վրաստանն անվտանգության ոլորտում պետք է համագործակցեն այն երկրների հետ, որոնք այդ հարցում մեծ հաջողություն ունեն»,-ասում է փորձագետը՝ շարունակելով վրաստանյան իշխանություններին կոչ անել որպես առաջին քայլ անհապաղ չեղյալ հայտարարել Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմը՝ երկիրն ահաբեկչական գործողություններից հեռու պահելու նպատակով։

armradio.am

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում